«Հայաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը՝ Աթենքում

12.03.2016, 16:47
«Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը կբացվի մարտի 14–ին Աթենքի «Բյուզանդական և քրիստոնեական արվեստի» թանգարանում:
 «Հայաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը՝ Աթենքում
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը կբացվի մարտի 14–ին Աթենքի «Բյուզանդական և քրիստոնեական արվեստի» թանգարանում, հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ցուցահանդեսը կազմակերպվել է հայ-հունական մշակութային համագործակցության շրջանակում երկու երկրների Նախագահների բարձր հովանու ներքո։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը:

Ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը՝ Հայաստանի և Հունաստանի Նախագահների մասնակցությամբ:

Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տարածքի վրա, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը:

Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից:

Ցուցահանդեսը բաղկացած կլինի երեք բաժիններից։
Առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակրթությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավարություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանն ու դիրքավորմանը՝ փոփոխվող աշխարհում: Վերջին 3-րդ բաժնում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակութային եղեռնի մասին:

««Հայաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վկայելու Հայաստանի մշտառկա ներկայությունն ու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ պահպանելով պատմության փաստագրական և ժամանակագրական սկզբունքները, վերաստեղծելով հոգևոր արժեքների յուրահատուկ տարեգրությունը»,– ասվում է հաղորդագրության մեՋ;

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ անգլերեն լեզվով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու անգլերեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր: -0-