Հայ ակրոբատները ռոքնռոլ կպարեն

01.03.2017, 18:25
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկել են Հայաստանում ակրոբատիկական ռոքնռոլի զարգացման հնարավորությունները:
Հայ ակրոբատները ռոքնռոլ կպարեն
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկել են Հայաստանում ակրոբատիկական ռոքնռոլի զարգացման հնարավորությունները, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը խոսել է Հայաստանում արդեն իսկ գործող մարզաձևերի շարքում այս նոր մարզաձևի ընդգրկման հնարավորությունների մասին:

«Այսօրվա քննարկմանը մասնակցում են ակրոբատիկական ռոքնռոլին մոտ մարզաձևերի ներկայացուցիչներ: Հուսով եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք մեր երկրում նույնպես զարգացնել այս գեղեցիկ մարզաձևը»,- ասել է նա:

Փոխնախարարը ներկաներին խնդրել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ հաջորդ քննարկումն ավելի առարկայական դարձնելու և Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի ֆեդերացիա հիմնելու վերաբերյալ:

Միաժամանակ Հայաստանում ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նույնանուն ֆեդերացիան։ Այն, բացի ֆինանսական աջակցությունից, կօգնի Հայաստանում այս մարզաձևի մարզիչներ պատրաստելուն՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ:

Քննարկմանը մասնակցել են սպորտային պարերի, ակրոբատիկայի, գեղարվեստական մարմնամարզության և գեղասահքի ներկայացուցիչները։ -0-