Գտնվել են Հայաստանի դամբարաններից հափշտակված գանձերը (ՖՈՏՈ)

29.06.2017, 20:46
Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր են հայտնաբերվել:
Գտնվել են Հայաստանի դամբարաններից հափշտակված գանձերը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր են հայտնաբերվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարին Կապանում քանդվել և թալանվել են Կապանում դեռևս 2012թ. հայտնաբերված՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող 3 դամբարաններ:

 - рис.1

Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, անցկացվել են քննչական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքները։

Քրեական գործի շրջանակում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են դամբարաններիից հափշտակված իրեր՝ հնաոճ 5 սափոր, 2 կավե աման, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, զրահի դետալներ, ապարանջաններ, ասեղ, կախազարդեր, խաչ, մատանի և այլ մետաղյա զարդեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք՝ մետաղորոնիչ սարք:

Նախաքննությունը շարունակվում է:

 - рис.2

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։