Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել. չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր. Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Դեռ երեկ 18:00-ից սկսած լարվածության աստիճանային նվազում է տեղի ունեցել առաջնագծում: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Առաջնագծում երեկ գնալով կրակոցները քչացել են, ինչպես նշեցի, 18:00-ից սկսած լարվածության աստիճանային նվազում է տեղի ունեցել առաջնագծում, 00:15-ից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր»,- նշել է Հովհաննիսյանը:
«Բայց մինչև այդ ժամը որոշակի խախտումներ, ակտիվություն եղել է, որոշակի կրակոցներ եղել են: Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում»,- մանրամասնել է նա:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս պահին դրությամբ այս վիճակը շարունակվում է, Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: -0-
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:
Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:
Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի ավելի քան 10 հարվածային ԱԹՍ:
Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, կրակոցների հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան, ինչպես նաև երեք զինծառայող: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Ադրբեջանում պաշտոնապես հաստատել է 11 զոհ:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-