Երկիրը զերծ պահել ցնցումներից և զարգացման նոր հեռանկար ապահովել. Մակունցը ներկայացրել է ՀՀ իշխանությունների նպատակները

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունների հիմնական նպատակներն այս պահին երկիրը ցնցումներից զերծ պահելն և երկրում նոր զարգացման հեռանկարն ապահովելը, այս մասին ԱԺ նիստ ընթացքում հայտնել է «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Մակունցը նշել է, որ այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կառուցողական մթնոլորտ, որը չի կարող լինել նման հռետորաբանության դեպքում:
«Դրա համար անհրաժեշտ է կառուցողական մթնոլորտ, որը չի կարող լինել նման հռետորաբանության, նման բառամթերքի օգտագործման պարագայում, սա չի նպաստում կրքերի հանդարտեցմանը և երկխոսության դաշտի բերելուն»,- նշել է Մակունցը:
Խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ գործող իշխանությունը չի հրաժարվում, որ ունի պատասխանատվության իր բաժինը:
«Մենք՝ որպես իշխանությունը ունենք պատասխանատվության մեր բաժինը՝ վերջին 2-2,5 տարվա համար, և որպես ազգ, պետություն, ժողովուրդ ունենք տասնյակ տարիների թերացումների և ձախողումների պատասխանատվությունը: Մենք նույնպես հասարակության մի մասն ենք, մենք էլ ծանր ապրումներ ունենք այս անհաջողության հետևանքով»,- նշել է Մակունցը:-0-