«Երևանյան ամառը» քաղաքացիներին մարզական և մշակութային վառ միջոցառումներ կներկայացնի

30.05.2016, 21:05
Քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում մշակութային, ժամանցային և մարզական միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
 «Երևանյան ամառը» քաղաքացիներին մարզական և մշակութային վառ միջոցառումներ կներկայացնի
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում մշակութային, ժամանցային և մարզական միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, այգիներում և հանգստավայրերում։

Ինչպես երկուշաբթի լրագրողնարին հայտնեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը, հունիսի 1–ից օգոստոսի 31–ը քաղաքում կանցկացվեն երաժշտական փառատոներ, հայկական ազգային կերակրատեսակների փառատոն, ազգային տարազի ցուցադրություններ, համերգներ, կինոցուցադրություններ, մրցումներ և մարաթոններ։
«Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ» եռամսյա ծրագիր է ներկայացնում։ Ծրագրի նպատակն ամառային հանգիստն ավելի հետաքրքիր, հագեցած և բովանդակալի դարձնելն է»,– նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա, ծրագիրն ուղղված է նաև Երևանում զբոսաշրջության զարգացմանը։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Երևանյան ամառը» վայելում է քաղաքացիների սերը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը պատմեց, որ միջոցառումների շարքը մեկնարկում է Երեխաների պաշտպանության տոնակատարությունից, որի շրջանակում միջոցառումներ են նախատեսված Հաղթանակի այգում, կենդանաբանական այգում, Ազատության հրապարակում։

«Երևանյան ամառ 2016»–ի ավելի քան 50 միջոցառումների ֆինանսավորմանը քաղաքապետարանը հատկացրել է մոտ 25 միլիոն դրամ (մոտ 52 հազար դոլար)` 30 տոկոսով պակաս, քան նախորդ տարի։ -0-