Երևանում ծնված հնգյակի հայրը շատ ուրախ է, որ ընտանիքը համալրվել է

03.05.2017, 18:02
Նորածին հնգյակի հայր Վարդան Կարապետյանը շատ ուրախ է ընտանիքի համալրման կապակցությամբ:
Երևանում ծնված հնգյակի հայրը շատ ուրախ է, որ ընտանիքը համալրվել է
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նորածին հնգյակի հայր Վարդան Կարապետյանը շատ ուրախ է ընտանիքի համալրման կապակցությամբ:

«Էրեբունի» ԲԿ–ում չորեքշաբթի առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում

«Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են», - ասել է հնգյակի հայրը` 24–ամյա Վարդանը։

Երևանում ծնված հնգյակների ծնողները մանրամասներ են ներկայացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նա նշեց, որ դեռևս հասցրել է տեսնել երեխաներից միայն մեկին, քանի որ մնացածին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ, սակայն դա նրան չի խանգարում շնորհավորանքներ ընդունել բարեկամներից և մտերիմներից:

Ինչ վերաբերում է նորածինների տատիներին, լրագրողների հետ զրույցի ժամանակ նրանք նշեցին, որ դեռ շոկի մեջ են:

«Ցեղում ունեցել ենք երկվորյակներ. նորաթուխ հայրիկի հորաքույրը երկու անգամ անընդմեջ զույգ է ունեցել, բայց հնգյակի առաջին անգամ ենք ընդունում», - ասաց փոքրիկների հոր մայրը` Ռոզա Մարուքյանը:

Նա նշեց, որ ընտանիքի համալրման մասին իմացել է Ռուսաստանում, երբ այցելում էր բարեկամներին:

«Որդիս զանգահարեց և ուրախացրեց նորությամբ, որ տատիկ եմ դառնալու, որից հետո հայտնեց, որ եռյակ է լինելու: Ես անհապաղ հետ վերադարձա և հաջորդ օրը մենք միասին այցելեցինք բժիշկին և իմացանք, որ միանգամից հինգ թոռ ենք ունենալու», - ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ փոքրիկներն իր առաջին թոռներն են, և հույս հայտնեց, որ նրանց հետ ամեն ինչ լավ կլինի: -0-