«Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հետ կապված որևէ միջամտություն չի նախատեսվում. քաղաքապետարան

07.04.2016, 20:41
«Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հետ կապված որևէ միջամտություն չի նախատեսվում»:
 «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հետ կապված որևէ միջամտություն չի նախատեսվում. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հետ կապված որևէ միջամտություն չի նախատեսվում»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։

Հայ հասարակայնությունն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել Հանրապետության հրապարակին հարող Վազգեն Սարգսյանի փողոցում տեղակայված «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների երկայնքով ամառային սրճարանների համար երկաթյա ցանկապատների տեղադրմամբ։

Այդ կապակցությամբ Բարսեղյանը հայտնեց, որ տվյալ տարածքում իրականացվում են տվյալ տարածքում երկար տարիներ գործող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքներ:

Նա նշեց նաև, որ իրականացվող արդիականացման աշխատանքների շրջանակում շատրվանների արտաքին տեսքի փոփոխման միջամտություն կամ այլ շինությունների կառուցում չի նախատեսվում:

«Տարիներ առաջ կառուցված տվյալ սրճարանի նախկին տեսքը, որի լուսանկարները ևս առկա են, ակնհայտ են դարձնում, որ այն ոչ միայն աղավաղում էր այգու և շատրվանների տվյալ հատվածի ամբողջ տեսքը, այլև տեխնիկապես ավելի ապահով և այգուն համահունչ դարձնելու կարիք ուներ»,– ասաց Բարսեղյանը։

Գլխավոր ճարտարապետը հավաստիացրեց, որ քաղաքապետարանի համապատասխան մասնագետները խստորեն վերահսկում են սրճարանի արդիականացման աշխատանքները։

Հայտնի շատրվանը, որը բաղկացած է 2750 փոքր աղբյուրներից, Երևանի կենտրոնում բացվել է 1968 թվականի հոկտեմբերին։ Այդ համալիրի բացումը նվիրված էր «Էրեբունի-Երևան» առաջին տոնակատարությանը, երբ նշվում էր Էրեբունու հիմնադրման 2750-ամյակը։ -0-