Դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը փոխելու վերաբերյալ

08.09.2020, 18:12
Դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը մարտի 1-ի գործով տուժողների դատավարական կարգավիճակը փոխելու վերաբերյալ
Դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը փոխելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսվեցին սահմանադրական կարգի տապալման գործով լսումները։ Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակի վերաբերյալ:

Դատարանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատակոչի ցուցակում ներառված 102 հոգուն որպես գործով վկա հրավիրելու միջնորդությանը:

Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը «անհասկանալի չափանիշներով է» տուժողներին ընդգրկել դատակոչի ցուցակ։ Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում քննվող գործով տուժող է ճանաչվել 228 հոգի, ովքեր, ըստ դատախազության, պետք է դատակոչվեին այս նիստին։ Սակայն դատակոչվել են ընդհամենը 102 հոգի։

Նա նաև երկու ցուցակ ներկայացրեց․ մեկում ընդգրկված են տուժող ճանաչված 126 հոգի, ովքեր սակայն դատակոչված չեն, իսկ մյուսում՝ դատակոչված 102 տուժողները։

 

«Կամ այստեղ տուժող ընդհանրապես չկա, կամ կան 228 տուժող։ Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է որոշվում՝ տվյալ անձը տուժո՞ղ է, թե՞ ոչ, պե՞տք է հարցաքննվի դատարանում, թե՞ ոչ», - նշել է Ալումյանը։
Մեղադրող կողմը ոչ հիմնավոր է համարել պաշտպանների ներկայացրած փաստարկները և առարկեց միջնորդության դեմ։
Լսելով պաշտպանական և մեղադրող կողմերին՝ դատարանը որոշեց, որ տուժողների դատավարական կարգավիճակի որևէ փոփոխության կարիք չկա։
Հավելենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։-0-