ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) աջակցել է Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի (ACE) միջոցառումների անցկացման շարքին:
Ընկերության հաղորդագրության համաձայն, միջոցառումներն իրականացվում են աշխատանքային քննարկումների և հարցազրույցների տեսքով, որոնց նպատակն է ներկայացնել «Work & Travel» և «Internship» ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ձեռք բերել աշխատանքային փորձ և մասնագիտական վերապատրաստում միջազգային կազմակերպություններում։ Միջոցառումների շրջանակում տեղի ունեցան նաև հարցազրույցներ գործատուների և մասնակիցների միջև։
«Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը և հատկապես կարևորում ենք այնպիսի ծրագրերի աջակցումը և իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են երիտասարդների ապագայի կերտմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ACE կազմակերպությունն իր խորին շնորհակալութունն է հայտնում Beeline-ի լայնաշերտ ինտերնետ կապի ապահովման և միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև անձամբ գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինին` մեր խնդրանքին արագ արձագանքելու և դրական լուծում տալու համար», - նշել է ACE կազմակերպության նախագահ Արմեն Հայրումյանը:
Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (ACE) ստեղծվել է 1996թ-ին և իրականացնում է կրթական, մշակութային, մասնագիտական վերապատրաստման և աշխատանքային փոխանակման ծրագրեր։ Այն հանդիսանում է ամերիկյան CIEE կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-