Երևանում քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում փետրվարի 1-ի առավոտյան մեկնարկել են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բոյկոտելու ակցիաները։
«50 դրամը հացի կեսն է», նման կարգախոսներով ավտոբուսներ են մտնում ակտիվիստները, վարորդի կողքի հատվածում դնում 100 դրամ, ավտոբուսի ներսում թռուցիկներ բաժանում, որոնցով կոչ են անում 100 դրամից ավել չվճարել։ Նրանք հայտարարում են, որ բոյկոտը յուրաքանչյուր մարդու օրինական իրավունքն է և կոչ են անում վարորդի հետ կոնֆլիկտի մեջ չմտնել։ Քարոզչական թերթիկներ են փակցվում նաև ավտոբուսների և վճարային տերմինալների վրա։
Բոյկոտի մասնակիցների թվում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ով նախաձեռնողներից մեկն է։ Նա նստել է ավտոբուս ու վարորդի կողքին դրել երկու հատ 50 դրամանոց։ Նրա օրինակին հետևել են նրա հետ տրանսպորտ նստած ուղևորները։
«Մենք վստահ ենք, որ 100 դրամով կարող ենք տրանսպորտ պահել»,- ասել է նա։
Շատ քաղաքացիներ հայտարարում են, որ միանում են բոյկոտին։ Իսկ ոմանք ասում են, որ 50 դրամի տարբերությունը չնչին է, «բայց տեսեք, թե ինչ հարմարավետ ենք երթևեկում»։
Միասնական տոմսային համակարգի մասին
Այսօրվանից Երևանում ամբողջությամբ գործարկվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որի շրջանակում մեկ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ։
Գործում են հետևյալ սակագնային փաթեթները․
- 150 դրամ – մեկանգամյա ուղետոմս/1 ուղևորություն (ակտիվացման ժամկետ՝ 3 օր)
- 280 դրամ – «90 րոպե» փաթեթ/3 ուղևորություն (ի դեպ քաղաքապետարանից հայտնել էին, որ փետրվարի 11–ի նիստում 90 րոպեն կերկարաձգվի և կդառնա 180 րոպե), (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
- 1500 դրամ – «Multi» փաթեթ/10 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է` ակտիվացման ժամկետ՝ 30 օր, վավերացման ժամկետ՝ 30 օր)
- 880 դրամ – 1 օր/8 ուղևորություն (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում, ակտիվացման ժամկետ՝ 10 օր)
- 4800 դրամ – 1 շաբաթ/30 ուղևորություն
- 8800 դրամ – 1 ամիս/ անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 23600 դրամ – 3 ամիս/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 88 000 դրամ – 1 տարի/անսահմանափակ (TelCell դրամապանակում նշված է՝ մեկ վավերացում նույն վալիդատորի վրա մեկ ժամվա ընթացքում)
- 480 դրամ – «Զվարթնոց» օդանավակայան (մեկ ուղղությամբ)/1 ուղևորություն
Ի դեպ քաղաքապետարանից նաև հայտնել էին, որ անսահմանափակ փաթեթների երկարացում է նախատեսված։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթևեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում յուրաքանչյուր փաթեթին կտրամադրվի լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։