Երևանում «կեղծ» թթվասեր է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում հայտնաբերվել է կեղծված թթվասեր, հաղորդում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչության մամուլի ծառայությունը։
«Որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են Պարգև ՍՊԸ-ի կողմից 13.03.2019թ արտադրված Աշտարակ կաթ ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է բուսական յուղ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ՝ տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով:
«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակը համարվում է կեղծված սննդամթերք», – նշվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ գերատեսչությունից նշում են, որ կեղծված է համարվում այն սննդամթերքը,որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքիանհամապատասխանությունը սահմանված պահանջներին աքցնելու նպատակով,որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին,որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվությունձեռք բերելու:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Այս պահին պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացվում թթվասերի շուկայում, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:–0–