Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն (Ձայնագրություն)

03.09.2021, 20:09
«Ինչի՞ համար պիտի 300-400 հազար փող ստանաս»․ Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն.Ձայնագրություն
Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն (Ձայնագրություն)

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Փաստերի ստուգման հարթակի YouTube-յան ալիքում նախօրեին տարածվել են ձայնագրություններ՝ Երևանի Ալ․ Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարիբե Մալախյանի և ուսուցիչներից մեկի մասնակցությամբ։ 

Ձայնագրությունից պարզ է դառնում, որ դպրոցի տնօրենն ուսուցչուհուց պարբերական կաշառք է պահանջել, իսկ հիմա ցանկանում է աշխատանքից հեռացնել։ 

Միջադեպին նախ արձագանքել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնալ Հակոբ Կարապետյանը։ 

«Նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը և առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու և համապատասխան ընթացք տալու համար», - նշել է Կարապետյանը։ 

Ավելի ուշ միջադեպին արձագանքել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Գերատեսչությունից հայտնել են, որ դադարեցվել է թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Մալախյանի ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը։ 

«Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-