Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ

02.12.2022, 18:02
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես փակ կլինի
  • Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
  • Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից,
  • Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից,
  • Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։

Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական Եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։

Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։-0-