Վայոց Ձորում արջ է վրաերթի ենթարկվել․ նրան վիրահատել են

01.10.2024, 16:03
Վայոց Ձորում վրաերթի ենթարկված արջին վիրահատել են
Վայոց Ձորում արջ է վրաերթի ենթարկվել․ նրան վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վայոց Ձորի մարզի Շատին-Գետափ ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել գորշ արջի:

Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ մարզային փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել արջին․ արջը վիրավոր է։ 

Միջադեպի մասին իրազեկվելուց ժամեր անց Երևանից ժամանած մասնագետները արջին անզգայացրել են և տեղափոխել հատուկ ազատավանդակով, ապա անասնաբույժի կողմից կատարվել է կզակի վնասվածքի վիրահատություն: 

Համապատասխան մասնագետների ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի Ուրցաձոր համայնքում գտնվող հատուկ վերականգնողական տարածք, որտեղ կենդանին լիարժեք վերականգնումից հետո բաց կթողնվի բնություն: 

Վերոնշյալ աշխատանքները կատարվել են հիմնադրամի աշխատակիցների կողմից։