Վարժական հավաքների, զորակոչի ծանուցման նոր համակարգ է նախատեսվում ներդնել․ առաջարկվում է ծանուցման 4 տարբերակ

21.05.2024, 16:37
Վարժական հավաքների, զորակոչի ծանուցման նոր համակարգ է նախատեսվում ներդնել
Վարժական հավաքների, զորակոչի ծանուցման նոր համակարգ է նախատեսվում ներդնել․ առաջարկվում է ծանուցման 4 տարբերակ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գործող օրենքի համաձայն՝ պարտադիր զինծառայության զորակոչին, վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին մասնակցելու գործընթացի շրջանակում քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումներն ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևերը, հաղորդում է «Առաջին լրատվականը»։

Ծանուցման գործընթացը հստակեցնելու նպատակով մշակվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Գործընթացը կարգավորվում է հետևյալ սկզբունքով. մենք քաղաքացուն ծանուցելու ենք 4 տարբեր եղանակներով: Առաջին եղանակը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկրորդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորդ տարբերակը փոստային առաքումն է: Եթե առաջին երեք տարբերակներով պետությունը քաղաքացուն չի կարողանում ծանուցում իրականացնել, ապա ազդարար համակարգում տեղադրվում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված, որից հետո՝ չներկայանալուց հետո, կան պատասխանատվության ենթարկելու հիմքեր»,- ասել է Հրաչյա Սարգսյանը և հավելել՝ գործընթացի շրջանակում հնարավոր կլինի ներգրավել համապատասխան թվով պահեստազորայիններ:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացվում է վարժական հավաքի նախապատրաստման գործընթաց:

Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող քաղաքացին պարտավոր է զինկոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:

Հրաչյա Սարգսյանն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել հրատապ ռեժիմով: