Վանեցյան. մանդատը վայր դնելը տեխնիկական խնդիր է, իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը, որը երկրորդ օրն է Ազատության հրապարակում բողոքի ակցիա է անցկացնում։
«Որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով կտեսնեք այս և այլ գործողությունների զարգացումը»,- խոստացավ նա՝ հավելելով, որ եթե յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա, մենք կարճ ժամանակում կհասնենք արդյունքի և վերջնական նպատակին՝ հզոր Հայաստան ու Արցախ, տարածքային ամբողջականության պահպանում, քաղաքացիների բարեկեցիկ կյանք, հաղորդում է news.am-ը։
«Սա պայքար է հանուն հայության, հանուն Արցախի և Հայաստանի, ոչ թե հանուն իշխանության։ Բայց միջանկյալ խնդիրն այս իշխանություններին հեռացնելն է։ Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու հարցին, համարեք, որ մենք դրել ենք, մենք այստեղ ենք՝ ժողովրդի հետ, երկրի վրա»,- նկատեց Վանեցյանը։
Նա նշեց, որ չգիտի էլ ինչի մասին խոսի խորհրդարանում, որտեղ հնարավոր են համարում, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինի։
«Մանդատը վայր դնելը տեխնիկական խնդիր է։ Բայց իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ։ Եվ մեզ մեր մանդատները պետք կգան՝ գործը մինչև վերջ հասցնելու համար»,- ասաց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանն ապրիլի 17-ին հայտնել է, որ չի հեռանա Ազատության հրապարակից և կխոսի քաղաքացիների հետ: Նա հայտարարել է, որ «եկել է կրիտիկական պահը, երբ մենք արդեն ոչնչի չենք կարող հասնել հոդվածներ գրելով, ելույթներով, Facebook-ի հրապարակումներով: Այս իշխանությունների կողմից վերջին օրերին արված հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են ամբողջությամբ տալ Արցախը թշնամուն, մենք խնդիրներ ունենք Հայաստանի անվտանգության հետ»:
Նա կոչ է արել համախբվել, դառնալ ավելի ուժեղ և պայքարել Հայաստանի, Արցախի և հայ լինելու համար: