Թաթոյան. ադրբեջանական զինվորականները պետք է հեռանան, անհրաժեշտ է անվտանգության գոտի, բայց դա չպետք է լինի Հայաստանի հաշվին

03.11.2021, 13:27
Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանական զինվորականները պետք է հեռանան, անհրաժեշտ է անվտանգության գոտի, բայց դա չպետք է լինի Հայաստանի հաշվին
Թաթոյան. ադրբեջանական զինվորականները պետք է հեռանան, անհրաժեշտ է անվտանգության գոտի, բայց դա չպետք է լինի Հայաստանի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բացառապես փաստերով հիմնավորել է սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի հանցավոր արարքները և ցույց տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հաղորդում է«Արմենպրեսը»:

«Ըստ այդմ հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի, որ ադրբեջանական զինվորականները, դրոշները, տարբեր տեսակի սարքավորումները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և համայնքներն իրար կապող ճանապարհներից: Չի կարող լինել առանց դրա իրավունքների վերականգնում և մարդկանց բնականոն կյանքի վերականգնում: Ընդ որում, դա ոչ թե պետք է լինի մեր հաշվին, այլ նրանք պետք է հեռանան: Արտահերթ զեկույցում ցույց է տրված, որ նրանց տեղակայումներն առանց որևէ բացառության անօրինական են: Նրանք հայտնվել են մեր գյուղերի անմիջական հարևանությամբ պատերազմի սպառնալիքի ներքո, առանց մասնագիտական աշխատանքի վերլուծությունների»,- շեշտեց Թաթոյանը:

ՄԻՊ-ն ընդգծեց` սահմանազատման և սահմանագծման գործընթացի բացակայության պայմաններում հիմք չի ընդունվել ոչ մի միջազգային չափանիշ:

«Այստեղ անհարաժեշտ էր վերլուծել և ուսումնասիրել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման հետ կապված հարցերը: Ունենք դեպքեր, երբ խորհրդային ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը:  Միջազգային հստակ պահանջ է, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովում մարդու իրավունքները, չեն համապատասխանում ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության կանոններին և չեն ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- եզրափակեց Թաթոյանը:–0–