Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

26.07.2021, 13:52
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների հետևանքով։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Երկուշաբթի գիշերն անկանոն կրակոցներ էին սահմանին (սահմանն անցնում է Սոթքի հանքավայրի տարածքով, խմբգր.)։ Մենք որոշեցինք շտապ տարհանել աշխատակիցներին Սոթքի  հանքավայրի տարածքից` նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով և ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի գործունեությունը», – ասաց նա։

Գրիգորյանի խոսքով, այդ հերթափոխին աշխատում էր 150 մարդ, նրանք բոլորը տարհանվել են, ոչ ոք չի տուժել։ 

«Հիմա ամեն ինչ հանգիստ է, հանքավայրը վերսկսել է աշխատանքն ամբողջ ծավալով», – ավելացրեց նա։

ՊՆ–ի վերջին տվյալներով, հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։  Նույն օրը, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը «հրադադարը խախտել է Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ»:–0–