Սկանդալային տեսանյութի հետքերով. հայտնի է բռնություն կիրառած ոստիկանների ինքնությունը

26.11.2019, 19:01
Սկանդալային տեսանյութի հետքերով. հայտնի է բռնություն կիրառած ոստիկանների ինքնությունը
Սկանդալային տեսանյութի հետքերով. հայտնի է բռնություն կիրառած ոստիկանների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ոստիկանությունը նոր տեղեկություններ է ներկայացրել սկանդալային սեսանյութի քննության շրջանակներում` տեսանյութում երևացող ոստիկանության աշխատակիցների մասին, որոնք մահակների և հակագազի միջոցով ցուցմունք են կորզում տղամարդուց:

Ըստ ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքի, ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից իրականացվող ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող երեք տղամարդկանց մասին:

Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։

«Ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տեսագրությունն արվել է մոտ 10 տարի առաջ, երբ նշյալ աշխատակիցները միասին ծառայելիս են եղել ոստիկանության արաբկիրի բաժնում:Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված բոլոր տվյալները փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նոյեմբերի 21–ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները, բռնի ուժ կիրառելով քաղաքացու նկատմամբ, փորձում ցուցմունք կորզել։ Թաթոյանը նշել է, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։–0–