Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը հավաքել է 205մլն 560 հազար դրամ դրամահավաք–երեկոյի ժամանակ

25.02.2020, 22:58
Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը հավաքել է 205մլն 560 հազար դրամ
Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը հավաքել է 205մլն 560 հազար դրամ դրամահավաք–երեկոյի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ, հաղորդում է aysor.am–ը` հղում անելով Արմենպրես»-ին։

Այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարել է քարոզչական կողմի շտաբի պետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն», - ասել է Պապիկյանը:

Դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը:

Փետրվարի 6-ին Ազգային ժողովի պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» շարժմանը, իսկ շտաբը կգլխավորի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ին, ապա Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները չեն օգտվել շարժում կազմելու հնարավորությունից՝ ի տարբերություն հասարակական կազմակերպության: Օրերս «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին: Իսկ փետրվարի 18-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել:-0-