Քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու, այսօրվա ՀՀ–ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի․ Փաշինյան

22.05.2024, 22:28
Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու, այսօրվա ՀՀ–ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի
Քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու, այսօրվա ՀՀ–ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Անվտանգության ավելի ուժեղ և գործուն երաշխիք, քան լեգիտիմությունն է, գոյություն չունի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում։

Վարչապետն արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի այն հարցին, թե ընդդիմությունը մի կողմից պնդում է, որ կառավարությունը զիջում է տարածք, մյուս կողմից խուսափում է ՀՀ տարածքը նշել, նաև ընդդիմանում են, որ ՀՀ անվտանգության կարևոր երաշխիքներից է լեգիտիմությունը:

«Նրանք, ովքեր ձեր ասածն են անում, ուզում են մեզ մեր լեգիտիմ տարածքից դուրս բերեն, որպեսզի մեզ դարձնեն լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ և մարդիկ, որ ասեն՝ դե տեսնում եք, Հայաստանն ի վիճակի չի անկախ պետություն լինել, իրեն պետք է կիսաֆորպոստային իրավիճակներում յոլա գնալ», – ասաց Փաշինյանը։

Նա բերեց թեմերի օրինակը՝ նշելով, որ 10 մարզի փոխարեն կլինի 10 թեմ։

«Ի վերջո, հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, ուրիշներն այդ փորձը մատուցել են։ Ունեցել է կայսերական կառավարման եղանակ, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ: Խեղչ Պապ թագավորը մինչև քաշեց, բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էտ «ազդեցության գործակալի» մասը Պապ թագավորից մինչև էսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ, որ առաջիկա երկու–երեք ամսվա ընթացքում դա էլ է լուծվելու», – ասաց Փաշինյանը։

«Սա հազարամյա հարց է, սա այն խոսակցությունն է, որ ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլևս չի սպանվելու: Ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Հայաստանի պետությունը չի սպանվելու՝ ինչ վեղար էլ ուզում են՝ հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու, այսօրվա ՀՀ–ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի, և այդ երազանքն այլևս ոչ մեկ չի կարող սպանել», – ասաց վարչապետը։