Նա երևաց․ Սուրենյանը ցույց է տվել երկար սպասված արևը (ՖՈՏՈ)

16.01.2025, 14:36
Գագիկ Սուրենյանը ցույց է տվել երկար սպասված արևը․ ՖՈՏՈ
Նա երևաց․ Սուրենյանը ցույց է տվել երկար սպասված արևը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ցույց է տվել երկար սպասված արևը։

«Նա երևաց», – գրել է Սուրենյանը Facebook–յան իր էջում՝ հրապարակելով լուսանկարը։

Երևանցիները վերջին օրերին բողոքում են մռայլ եղանակից ու ցրտից։ Սուրենյանը նախօրեին ասել էր, որ զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ։

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ վերջին օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած ինվերսիա), որն ընդգրկում է Շիրակի և Արագածոտնի մարզերը, Արարատյան դաշտը իր նախալեռնային գոտով և Վայոց ձորի նախալեռնային հատվածները։

Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։

Հանրապետությունում ինվերսիոն շերտի առկայության պայմաններում, միաժամանակ շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում, որը 1600-2000մ բարձրություններում արտահայտվում է խիտ մառախուղի, իսկ ավելի ցածր բարձրություններում` ամպամածության տեսքով։

Այս երևույթով պայմանավորված հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն։