Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին. ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է

14.01.2020, 19:41
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել  են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին. ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել  են վերակենդանացման բաժնում գտնվող Մանվել Գրիգորյանին. ըստ բժշկի՝ վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են նրա բուժումն իրականացնող բժշկի հետ, հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Առանձնազրույցի ընթացքում Մանվել Գրիգորյանի գիտակցությունը եղել է պարզ։

Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում», – նշվում է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: 2019թ.–ի հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակել էր սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է որպես «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարան:–0–