Կապանի քաղաքապետը չի բացառել դիրքային փոփոխությունները հայ–ադրբեջանական սահմանին (ՎԻԴԵՈ)

25.12.2020, 18:13
Երեկ ադրբեջանցիների կողմից մի խումբ մոտեցավ մեր սահմաններին. Կապանի քաղաքապետը խոսել է սահմաններին տարվող աշխատանքների մասին. ՎԻԴԵՈ
Կապանի քաղաքապետը չի բացառել դիրքային փոփոխությունները հայ–ադրբեջանական սահմանին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը չի բացառել դիրքային փոփոխությունները հայ–ադրբեջանական սահմանին։

Այս մասին նա հայտարարել է խորհրդարանական լսումների ժամանակ` պատասխանելով պատգամավորի հարցին։

«Այո, չեմ բացառում։ Դրա համար ես ներկա դրությամբ սահմանների վրա լուրջ աշխատանքներ չեմ իրականացնում», – հայտարարեց նա։

Փարսյանը նշեց, որ իրականում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում` նշանների տեղադրումով։ Ադրբեջանցիների և ռուսների մասնակցությամբ ընթանում են դիրքերի տեղորոշման հետ կապված աշխատանքներ։

«Օրինակ բերեմ, երեկ ադրբեջանցիների կողմից մի խումբ մոտեցավ մեր սահմաններին` բանակցելով մեր Պաշտպանության նախարարության ծառայողների հետ։ Մեր կողմից բանագնաց էր գեներալ Քոչարյանը, ով հիմա համակարգում է մեր սահմանների պաշտպանությունը», – ասաց Փարսյանը։

Նրա խոսքով, ադրբեջանցիներն առաջարկում են երկու կողմից 100–200 մետրով հետ քաշվել սահմաններից, որպեսզի ապահովվի անվտանգության գոտի, զինվորները շփում չունենան իրար հետ և դրանից նոր կոնֆլիկտներ չառաջանան։

«Բայց մեր Պաշտպանության նախարարությունից առաջարկություն հնչեց, որ դա արվի համակարգային մոտեցմամբ` այսինքն ամբողջ սահմանագծի երկարությամբ, որովհետև կան հատվածներ, որ իրենք են եկել սահմանի վրա դիրքավորվել։ Գնացել են քննարկելու, տեսնենք` ինչ եզրահանգման կգան», – ասաց Փարսյանը։–0–