Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները շուտով կլինեն Երևանում. փոխվարչապետ

26.07.2019, 19:03
Մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան չարթերային թռիչքը:
Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները շուտով կլինեն Երևանում. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուրգադա–Երևան ավիաչվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները վերադառնում են Հայաստան։ 

Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացրել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը:

«Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում», – նշել է ՀՀ փոխվարչապետը:

Ավինյանը նաև ավելացրել է, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան:

Եգիպտոսում Հայաստանի հյուպատոս Ռաֆայել Մովսիսյանն իր հերթին «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնել է, որ A&R հայկական տուրօպերատորը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները ավիափոխադրողի նկատմամբ, ինչի կապակցությամբ Հուրգադա–Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել։–0–