Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ. Փաշինյանը ներկայացրել է նոր ապացույցներ (ՎԻԴԵՈ)

30.01.2020, 13:21
Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ. Փաշինյանը ներկայացրել է նոր ապացույցներ. ՎԻԴԵՈ
Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ. Փաշինյանը ներկայացրել է նոր ապացույցներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ: Այս մասին այսօր Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով Թովմասյանին նվիրված ռեպորտաժը։

Միաժամանակ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն արդեն քննադատել է Հանրային Հեռուստաընկերության այդ սյուժեն`նշելով, որ Հանրային Հեռուստաընկերությունը վերածվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քարոզչամիջոցի։

«Հարկատուների գումարներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերությունը հունվարի 29-ին կոպտագույնս խախտել է օրենքով իրեն վերապահված գործառույթները և լրատվական էթիկայի կանոնները լուրերի թողարկման ժամանակ տեսանյութ հեռարձակելով ՀՔԾ-ում քննվող Սահմանադրական դատարանի նախագահին վերաբերվող գործի մասին», – նշվում է նախաձեռնության հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները նաև ընդգծում են, որ «մոտ 4 րոպե տևողությամբ ռեպորտաժը, այսպես ասած, ֆիլմը, որը բաղկացած էր երկու մասից, Հայաստանի գործող իշխանության կողմից Սահմանադրական դատարանի նախագահի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման ակնհայտ քարոզչություն էր, որտեղ իսպառ բացակայում էր երկրորդ կողմի կարծիքը, իր մեջ ներառում էր շարունակվող քննության պայմաններում անձանց մեղավորության վերաբերյալ կատեգորիկ դատողություններ, անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում և իշխանությունների կողմից ապագա դատական գործընթացների վրա պետական լրատվամիջոցի միջոցով քողարկված և միջնորդավորված ճնշում»:

Կոնֆլիկտի պատմությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև դիմակայությունը սրվեց հունվարի 25–ին Փաշինյանի մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել իրեն։ Թովմասյանն իր հերթին նշեց, որ դատի կտա Փաշինյանին, եթե վերջինս 20 օրում չներակայցնի ապացույցներ կամ չհերքի իր հայտարարությունները։ Փաշինյանը որպես ապացույց հրապարակեց գրիչի լուսանկար, որը, նրա խոսքով, Թովմասյանն իրեն է նվիրել 2018թ.–ին։ Թովմասյանը հայտարարեց, որ հանձնարարել է իր փաստաբաններին հայց պատրաստել վարչապետի դեմ։ Այնուհետև Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Թովմասյանն իրավունք չունի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ՍԴ նախագահի ընտրություններն անցել են կեղծիքներով։ Հունվարի 28–ին Թովմասյանը 168.am–ին տված հարցազրույցում ներկայացրել է ՍԴ–ի և իր անձի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր դիրքորոշումը` նշելով, որ արդար դատական համակարգ ստեղծելու Փաշինյանի հայտարարությունները փորձ են ամբողջական վերահսկողության տակ առնել հանրապետության դատարանները։

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Թովմասյանին

2019թ.–ի հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն քրեական գործ է հարուցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ «Իշխանության յուրացման» հոդվածով` պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա, որը հասցեագրված է գլխավոր դատախազին։ Պատգամավորի կարծիքով, Թովմասյանը ՍԴ դատավոր է ընտրվել օրենքի խախտմամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–