Հայտնի է Տավուշում 12–ամյա երեխայի մահվան նախնական պատճառը, նրա ծնողներն ու եղբայրը հոսպիտալացվել են

20.04.2021, 18:27
Հայտնի է Տավուշում 12–ամյա երեխայի մահվան նախնական պատճառը, նրա ծնողներն ու եղբայրը հոսպիտալացվել են
Հայտնի է Տավուշում 12–ամյա երեխայի մահվան նախնական պատճառը, նրա ծնողներն ու եղբայրը հոսպիտալացվել են
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա երեխան ու ընտանիքի մյուս անդամները հիվանդանոց տեղափոխվելուց առաջ այգուց հավաքած կանաչի են կերել։

Այս մասին հայտնել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը, հաղորդում է news.am–ը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իջևան քաղաքի ԲԿ–ում 12 տարեկան երեխա է մահացել, նախնական ախտորոշվել է սննդային թունավորում։

«Ըստ երեխայի ծնողների՝ իրենց այգուց քաղած կանաչի են տապակել, կերել, նախնական ախտորոշում է դրվել սննդային թունավորումը»,- ասել է Գրիգորյանը։

Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ 12-ամյա աղջիկը մահացել է իրենց մոտ տեղափոխվելուց մոտ 1 ժամ անց։ Նա, բժշկի խոսքով, հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, գիտակցության կորստով։

Ընտանիքի մյուս անդամները տեղափոխվել են Երևան այն բանից հետո, երբ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։

Ընտանիքի մյուս անչափահասը՝ 14-ամյա տղան, «Մուրացան» բժշկական կենտրոնում է, որտեղից հայտնել են, որ նրա վիճակը կայուն է, նախօրեի համեմատ ավելի լավ։

Ինչպես Facebook–յան էջում հայտնել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը, Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված Ս․ Ա․-ի (ծնված 2007 թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

«Երեխան բուժօգնություն է ստանում համալսարանական հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում: Նշենք, որ նույն դեպքով պայմանավորված «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացիներ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն (երեխաների ծնողները) անցնում են համալիր հետազոտություններ և շարունակում են բուժօգնություն ստանալ», – հայտնել է Դանիելյանը:–0–