Հայտնի է «Սասնա ծռերի» գործով վճիռը. քանի՞ տարի են ազատազրկել խմբի անդամներին (ՎԻԴԵՈ)

24.02.2021, 17:30
Հրապարակվել է ՊՊԾ գնդի գրավվման գործով դատավճիռը. ՎԻԴԵՈ
Հայտնի է «Սասնա ծռերի» գործով վճիռը. քանի՞ տարի են ազատազրկել խմբի անդամներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը, հաղորդում է aysor.am–ը։

Դատարանի որոշմամբ՝

Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 8 ամիս ազատազրկումը։ 

Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 7 տարի 5 ամիս ազատազրկման, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը. վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ժամկետով։ 

Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ժամկետով ազատազրկման, Արմեն Բիլյանը՝ 4 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով, էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 

Դատարանն ապացուցված չհամարեց Արմեն Բիլյանին մեղսագրվող սպանության մեղադրանքը՝ հաշվի առնելով , որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չէին հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր ապացուցողական այն շեմը, որի պարագայում միայն հնարավոր կլիներ այդ մեղադրանքով կայացնել մեղադրական դատական ակտ։ Նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց, խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ անձի մահվան հիմքով:

Դատավոր Մակյանը հայտարարեց, թե, հաշվի առնելով, որ բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո պատշաճ վարքագիծ են դրսևորել, կարող են մնալ ազատության մեջ, մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, որից հետո նրանք կկրեն դատարանի կողմից սահմանված պատիժները:

2016 թվականի հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում էին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։–0–