Հայաստանը նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը

03.04.2021, 19:50
Երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»
Հայաստանը նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը։

Ավագ շաբաթը կամ Ճրագալույցը Սուրբ Հարության տոնին նախորդող և Մեծ պահքն ավարտող օրն է։

Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ: 

Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): 

Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:

Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:–0–