Հայաստանը ԶՈւ ստորաբաժանում կուղարկի Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար

06.01.2022, 23:32
Հայաստանը  ԶՈւ ստորաբաժանում կուղարկի Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար
Հայաստանը  ԶՈւ ստորաբաժանում կուղարկի Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որով թույլատրվում է ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին։

Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարվել է ապահովել ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման համաձայն:

Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին

Հունվարի սկզբից բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Ղազախստանում, Մանգիստաուսկի շրջանի երկու քաղաքների բնակիչներն իրենց բողոքն էին արտահայտում հեղուկ գազի գների կրկնակի թանկացման դեմ: Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին տեղի ունեցան բախումներ ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառեց գազ և լուսաձայնային նռնակներ: Ղազախստանի տարածքում անջատվեց ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվեց մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը:

Հունվարի 5-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցրեց մի շարք մարզերում, իսկ հետո նաև Ղազախստանի ամբողջ տարածքում: Հունվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, Տոկաևը մեղադրեց նրանց նման իրավիճակի ստեղծման մեջ և գլխավորեց Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: Նույն օրը Տոկաևը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին՝ խնդրելով աջակցել ճգնաժամի պայմաններում: Հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմերը, որոնց կազմում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի Զինված ուժերը:-0-