Հայաստանում շրջանառվում է օմիկրոն շտամը. վարակաբանը ներկայացրել է նոր շտամին բնորոշ ախտանիշերը

24.01.2022, 20:19
Հայաստանում շրջանառվում է օմիկրոն շտամը. վարակաբանը ներկայացրել է նոր շտամին բնորոշ ախտանիշերը
Հայաստանում շրջանառվում է օմիկրոն շտամը. վարակաբանը ներկայացրել է նոր շտամին բնորոշ ախտանիշերը
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի է արդեն, որ կորոնավիրուսի՝ նոր օմիկրոն շտամը շրջանառվում է Հայաստանում, որն ավելի բարձր վարակելիություն ունի, քան վիրուսի նախորդ շտամերը: Այդ պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավելի մեծ քանակությամբ մարդիկ են վարակվում, ասաց վարակաբան, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցը:

Նա նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս վարակելիության շատ մեծ ռիսկեր են սպասվում:

Սարգսյանցի խոսքով՝ եվրոպական մի շարք երկրներում հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ դեպքերում օմիկրոնի շտամն արդեն կազմում է հայտնաբերված շտամերի մոտ 80%-ը:

Загружается новость ... "Лево"

«Վիրուսի այս շտամը ավելի հազվադեպ է հանգեցնում բարդությունների, քան նախորդ շտամերը, սակայն եթե դրանով ավելի շատ մարդ վարակվի, դեպքերի թվի կտրուկ աճը կբերի նրան, որ կմեծանա նաև միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվը, ինչը կրկին լուրջ բեռ կդառնա առողջապահական համակարգի համար», - ասաց Սարգսյանցը:

Նա նշեց նաև, որ կորոնավիրուսի տարբեր շտամերին արդեն տարբեր ախտանիշեր են բնորոշ: Օմիկրոնին, մասնագետի պնդմամբ, առավել բնորոշ են գերարտահայտված թուլությունը, կոկորդում առաջացող ցավերը, հարբուխը, գլխացավերը:

«Որոշ ախտանիշեր էլ պացիենտների մոտ պահպանվում են բավական երկար ժամանակ, նույնիսկ առողջանալուց ամիսներ անց: Նոր շտամին հատուկ են գերարտահայտված թուլությունը, հազը, ինչպես նաև կոգնիտիվ խանգարումները, որոնք կարող են շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տևել: Քովիդի առաջին ալիքի ժամանակ տիպիկ էր մազաթափությունը, բայց դելտա և օմիկրոն շտամերին այս ախտանիշն այլևս բնորոշ չէ»,- ընդգծեց մասնագետը:

Սարգսյանցը հավելեց նաև, որ ինչպես համավարակի նախորդ շտամերի դեպքում էր, այս շտամի պարագայում ևս կարևոր է պատվաստվելն ու կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելը:

«Ցանկալի է, որ ազգաբնակչությունը գիտակցեր ռիսկայնությունը,և օրինակ նույն հանրային տրասնպորտում, շարունակեր դիմակներ կրել, պատվաստվեր, պահեր սոցիալական հեռավորություն հատկապես հանրային մարդաշատ վայրերում: Իհարկե, բազմիցս ասել ենք, բայց կրկին ասում եմ, որ սա է այն ուղին, որով մենք կկարողանանք դիմադրել այս համավարակին»,- եզրափակեց մասնագետը:-0-