Հայաստանում կարանտինը կերկարաձգվի և կներդրվեն նոր սահմանափակումներ

09.07.2021, 14:27
Հայաստանում կարանտինը կերկարաձգվի և կներդրվեն նոր սահմանափակումներ
Հայաստանում կարանտինը կերկարաձգվի և կներդրվեն նոր սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կարանտինի մասին որոշման նախագիծը շրջանառվել է, ՀՀ կառավարությունում է, և, կարծում եմ, որ  կարանտինի երկարաձգման որոշում կկայացվի։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

«Կարծում եմ, որ  կարանտինի երկարաձգման որոշում կկայացվի: Ըստ իս՝ միանշանակ պետք է երկարացվի այն, որովհետև կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակումների  խիստ կամ նվազ ծավալ կիրառել»,– նշեց նախարարի պաշտոնակատարը։

Նա ասաց, որ այս պահին ՀՀ սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման մասին պահանջը սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ:

«Մենք հիմա չենք օգտագործում կարանտինի մասին որոշմամբ հնարավոր բոլոր  գործիքակազմը, բայց որոշ  բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն  փոփոխվում են: Այո՛, վեց ամսով  այն կերկարաձգվի», – ասաց Ավանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱՆ–ն մինչև սեպտեմբեր պետք է ներկայացնի նոր սահմանափակումների փաթեթ, քանի որ որքան էլ կորոնավիրուսի ցուցանիշները բարենպաստ են, սեպտեմբերին կավելանա տեղաշաւրժը ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ, ինչին պետք է պատրաստ լինել։

Նրա խոսքով, փաթեթը հիմա մշակման փուլում է, և մոտ ժամանակներում կներկայացվի հանրությանը։

Ավանեսյանը նաև ասաց, որ Հայաստանում համաճարակային իրավիճակը վերջին 2–3 ամսում բավականին լավն է և վերահսկելի։

«Սա շատ կարևոր է ձեռքբերում է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք մեր ներկայությունը «կանաչ գոտում»։ Առաջիկայում մենք ևս ունենալու ենք բարենպաստ իրավիճակ», – ասաց Ավանեսյանը։

«Երեկ իրականացված 4046 կատարված թեստավորումից մենք ունեցել ենք կորոնավիրուսի 148 վարակման դեպք, այս պահին մենք պահպանում ենք մինչև 4 % ցուցանիշ, չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի աճ», – ասաց նախարարի պաշտոնակատարը։–0–