Հայաստանում ակցիաների և զեղչերի մասով սահմանափակումներ կգործեն. պարզաբանում ենք օրենքի նոր փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք ուղղված են ակցիաների, զեղչերի գործընթացների կարգավորմանը: Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու հուլիսի 31-ից:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ կատարված փոփոխությունների հիմքում իրենց ուսումնասիրություններն են, ոլորտի բացերը, քաղաքացիների ու տնտեսվարողների բարձրացրած հարցերը, հաղորդում է «Արմենպրեսը»:
«Ակցիաների իրականացման ոլորտում բազմիցս արձանագրել ենք մի շարք խնդիրներ: Օրինակ, երբ տնտեսվարողն ապրանքի գնի նկատմամբ սահմանում է զեղչ, սակայն պարզվում է, այդ գինն իրականության մեջ ավելի բարձր է, քան զեղչով սահմանվածը: Մյուս դեպքում զեղչերի մասին տեղեկատվությունը տրվում է թերի կամ ոչ ամբողջական: Մեկ այլ պարագայում հայտարարվում է զեղչի մասին, սակայն պարզվում է՝ որևէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել», – ասել է Մարկոսյանը:
Եղել են դեպքեր, երբ տնտեսվարողը հայտարարել է ակցիա իրականացնելու մասին ու պարզվել է, որ այդ ակցիան, ասենք, տևում է տարիներ: Նոր կարգավորումները սահմանում են, որ զեղչը չի կարող տևել անորոշ ժամանակով, այն կարող է տևել առավելագույնը երեք ամիս: Հաջորդ պահանջը վերաբերում է զեղչերի մասին տեղեկատվության ամբողջական տրամադրելուն:
«Չլինի այնպես, որ, օրինակ, հայտարարվի զեղչ սալիկերի համար, սակայն պարզվի՝ դա լինում է այն դեպքում, երբ գնում ես 2 քմ ու նոր 3-րդ քմ-ը վաճառվում է այլ գնով: Տեղեկատվությունը պետք է լինի հստակ: Դրանից բացի, պետք է տեսանելի լինի մինչև զեղչը եղած գինը», – ասել է Մարկոսյանը:
Ինչ վերաբերում է այլ բնույթի ակցիաներին, ապա Մարկոսյանը նշել է, որ խոսքն այն ակցիաների մասին է, երբ գնի փոփոխություն չի արվում, սակայն ապրանքը գրավիչ է դարձվում սպառողի համար: Օրինակ, տրվում է նվեր կամ մի քանի ապրանք ներկայացվում է մեկ փաթեթում ու դրանց ընդհանրական գինն ավելի ցածր է, քան փաթեթում ներառված առանձին ապրանքների գների հանրագումարը: Անբարեխիղճ վարքագիծը բացառելու համար օրենսդիրը սահմանել է հետևյալը. տնտեսվարողը չի կարող մի ապրանքի հետ նվեր տալ, բայց ապրանքի գինն իր հերթին այնպես բարձրացնի, որ նվերի արժեքն այս կամ այն կերպ ներառվի դրա մեջ:
Տնտեսվարողների կողմից խախտումները կարող են հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, իսկ դրա համար նախատեսված է մինչև նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով տուգանք: Եթե մրցակից տնտեսվարողները կամ սպառողները կբացահայտեն խախտումներ, ապա կարող են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով: Հանձնաժողովն ունի բավարար գործիքակազմ՝ բացահայտելու խախտումները:
Մարկոսյանը նշել է, որ վերջին տարիներին ակցիաների, զեղչերի հետ կապված տարեկան միջինը 10 գործ է եղել: Եվ եթե նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները վարքագիծ չփոխեն, ապա նման գործերի թիվն ավելին կլինի:–0–