Հակառակորդի միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5կմ հեռավորության վրա, այն շրջապատված է ՀՀ ԶՈւ–ի կողմից. ԳՇ պետ

16.09.2022, 15:35
ԳՇ պետը հայտնեց, որ կակառակորդի միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5կմ հեռավորության վրա, այն շրջապատված է ՀՀ ԶՈւ–ի կողմից
Հակառակորդի միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5կմ հեռավորության վրա, այն շրջապատված է ՀՀ ԶՈւ–ի կողմից. ԳՇ պետ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հակառակորդի միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցներից 4,5կմ հեռավորության վրա։

Այս մասին այսօր Ջերմուկում լրագրողներին հայտնեց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Բլրի գագաթից աջ և ձախ, այսինքն դեպի հարավ և հյուսիս, հակառակորդի մխրճման խորությունները, հաշվի առնելով նաև Ջերմուկից հեռավորությունը, 8–10 կմ է», – ասաց Ասրյանը։

Նա նշեց, որ մխրճումը հակառակորդի կողմից ոչ թե եղել է ամբողջ ճակատով, այլ միայն մեկ խումբ է գտնվում բլրի գագաթի վրա, որը կտրված է իր ստորաբաժանումներից։

«Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի թե սննդով, թե ջրով, ապա մի քանի օրից նրա ռեսուրսները լրիվ կսպառվեն, և նրանք ստիպված կլինեն դուրս գալ այդ տեղից», – ասաց Ասրյանն` ընդգծելով, որ այդ խումբը կողքերից շրջափակված է հայկական ստորաբաժանումների կողմից։

Նրա խոսքով, մարտավարական իրադրությունը գնահատվում է կայուն, ՀՀ ԶՈւ–ի հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը կհեռանա։

«Չենք թույլատրի, որպեսզվի նրանց կենսունակությունն ապահովվի, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկա, իրենք չեն կարողանում բերել իրենց սնունդն ու ջուրը։ Կենսունակությունը կորցնելով` խումբը հետ կքաշվի, կմիանա հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից գտնվում են առավել մեծ խորությունների` 7,8, նույնիսկ 10կմ հեռավորությունների վրա։ Այսօր նաև դիտարկման արդյունքներով հյուսիսային հատվածում մենք տեսախցիկներով դիտարկել ենք, որ հակառակորդի մոտ 50–60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի Հայաստանի պետական սահման։ Դա փաստ է` տեսախցիկներով դիտարկված» , – նշեց Ասրյանը։

Նշենք, որ Ասրյանն այսօր Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատաով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։–0–