ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ալյանս» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը, ով ավելի վաղ Դեմկուսի կողմից առաջադրվել էր ՀՀ վարչապետի պաշտոնում, մեղադրվում է Մոսկվայի բուհերից մեկում ուսումնառության մասին կեղծ տեղեկանք ներկայացնելու մեջ։
Ինչպես նշվում է datalex.am դատական տեղեկատվական համակարգում, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 325–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)
«Տիգրան ի Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ», – նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Քրեական գործն արդեն փոխանցվել է դատարան։
Արզաքանցյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։
2021թ.–ի հունիսի 10–ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը, ով այն ժամանակ գլխավորում էր Դեմկուսի ընտրական ցուցակը։ Որպես հիմք հանդիսացան փաստաթղթերն այն մասին, որ Արզաքանցյանը բացակայել է Հայաստանից 1005 օր 1461 օրից մինչև դիմում ներկայացնելու օրը։ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի ունեցան հունիսի 20–ին։
Մասնագիտությամբ կենդանաբուծության տեխնիկ Արզաքանցյանն ավարտել է անասնաբուժական տեխնիկում Կամո քաղաքում։ Նրա կենսագրության մեջ այժմ նշվում է, որ նա Միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր է։
Արզաքանցյանը հայտնի էր որպես գործարար պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցությունից։ Նրա անվան շուրջ պարբերաբար շրջանառվում էին սկանդալներ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մամուլում։ Նա բազմաթիվ ընկերությունների հիմնադիր և բաժնետեր է։ Հայաստանի դատական տեղեկատվական համակարգում գրանցված են մի քանի գործեր, որոնք կապված են նրա բիզնես գործունեության հետ։
2021թ.–ի ԱԺ ընտրություններին մասնակցելու անհաջող փորձից հետո Արզաքանցյանը
խզեց հարաբերությունները Դեմկուսի հետ`
մատնանշելով քաղաքական տարաձայնությունները, և զբաղեցրեց ղեկավար պաշտոն «Ալյանս» կուսակցությունում։–0–