ՀՀ կառավարությունը կդառնա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր, կառավարումը կիրականացնի վարչապետի աշխատակազմը

01.10.2021, 11:50
ՀՀ կառավարությունը կդառնա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր, կառավարումը կիրականացնի վարչապետի աշխատակազմը
ՀՀ կառավարությունը կդառնա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր, կառավարումը կիրականացնի վարչապետի աշխատակազմը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը: Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- ասված է քվեարկության ներկայացված հարցի հիմնավորման մեջ:

2021 թ.–ի հուլիսի 12–ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (պղնձի և մոլիբդենի կոնցենտրատներ, ֆերոմոլիբդեն) արտաքին առևտրի կարգավորման անհրաժեշտությամբ։ Փոփոխություններով առաջարկվում է նախատեսել պղնձի և մոլիբդենի կոնցենտրատների արտահանման 15%–անոց ֆիքսված լիցենզիոն տուրք մինչև տարեվերջ։

ԶԼՄ–ներում նման որոշումն անվանել են քաղաքական վենդետա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ, որի սեփականատերերն արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցում էին «Հայաստան» ընդդիմադիր դաշինքին։ Կոմբինատում 2021թ.–ին իրականացվեցին խուզարկություններ և ձերբակալություններ,ամբողջ կոմբինատը շրջապատված էր ուժայինների կողմից։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է և 1000 խոշոր հարկատուներից մեկն է։ Կոմբինատը, որն անվանում են նաև Քաջարանի կամ Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատ, Քաջարան քաղաքում գործող արդյունաբերական ձեռնարկություն է, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի բաժնետերերն են գերմանական «Cronimet Mining»–ը (60%), Երևանի «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ–ն (15%), «Armenian Molybdenum Production» ՍՊԸ–ն և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ–ն (յուրաքանչյուրը 12,5%):-0-