ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։ Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար», – նշել է Աբրահամյանը Facebook–յան իր էջում։
Ավելի վաղ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն
արձանագրել է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։ Դաշինքից հայտնել են, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։ Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաև Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։–0–