Գարուն` ձմռան կեսին. Երևանում սպասվում է մինչև +10 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Փետրվարի 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում փետրվարի 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև։ Այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +6...+8, իսկ արդեն ուրբաթ ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +8...+10–ի, շաբաթ օրը կանխատեսվում է +7...+9։–0–