Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում և Երևանում լճացած խիտ մառախուղը. Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մանրամասներ է հայտնում

29.11.2021, 22:57
Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում և Երևանում լճացած խիտ մառախուղը. Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մանրամասներ է հայտնում
Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում և Երևանում լճացած խիտ մառախուղը. Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մանրամասներ է հայտնում
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։

Ինչպես հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, այս երևույթը պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում նկատվեց սառը օդի լճացում, իսկ նոյեմբերի 27-ի ցերեկը հարավից դեպի մեր տարածք սկսեցին ներթափանցել տաք օդային հոսանքներ։ Ներթափանցող տաք օդային հոսանքների և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շփման հետևանքով` ձևավորվեց մառախուղ։

Կենտրոնը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի հետ համեմատ` բացառությամբ Արարատյան դաշտի և դրա նախալեռնային գոտու, հանրապետության ամբողջ տարածքում բարձրացել է 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 14-16 աստիճանով։

Այսօր ցերեկը Սյունիքի և Տավուշի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը հասնում է+20-ի, իսկ լեռնային շրջաններում +10…+13 աստիճանի։

Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում մառախուղի գոյացման պատճառով ջերմաստիճանի փոփոխություն չի նկատվել։

Դեկտեմբերի 1-ին սպասվող ակտիվ ցիկլոնի ներթափանցման հետ կապված` Արարատյան դաշտում առկա մառախուղը կցրվի, սակայն հանրապետության ողջ տարածքում կսկվեն տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, առանձին հատվածներում քամու արագությունը կհասնի 20-25մ/վ-ի։–0–