Ավինյանը պարզաբանել է` արդյո՞ք կերկարացվի արտակարգ դրությունը (ՎԻԴԵՈ)

29.07.2020, 19:36
Ավինյանի խոսքով, մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի կառավարման պլանները. ՎԻԴԵՈ
Ավինյանը պարզաբանել է` արդյո՞ք կերկարացվի արտակարգ դրությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան։
Այս մասին այսօր հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետատան պարետ Տիգրան Ավինյանը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Ներկա դրությամբ՝ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերն առաջիկայում։ Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը», – ասաց փոխվարչապետը։

Այս համատեքստում Ավինյանը տեղեկացրեց, որ այս առնչությամբ պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որն ուղենշային կլինի կառավարության գործողությունների համար։

Загружается новость ... "Лево"

«Այդ պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Անվտանգության և համակեցության կանոնների որդեգրմամբ ավելի արագ հնարավոր լինի լիարժեք վերադառնալ նորմալ կյանքին», – նշեց Ավինյանն` ավելացնելով, որ առաջիկա օրերին կհրապարակվի պարզ ուղեցույց, թե համաճարակաբանական կոնկրետ իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը, ինչ սահմանափակումներ են կիրառվելու։

Ավինյանը հայտնեց նաև, որ 2020-2021 ուսումնական տարվան ընդառաջ՝ մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի և ոչ ֆորմալ կրթության մասով կառավարման պլանները։

«Սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում համաճարակային տարբեր իրավիճակներում ինչպես, ինչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը և ինչպես պետք է որդեգրվեն առանձին կանոններ տարբեր կրթական հաստատությունների կողմից», – ընդգծեց նա։

Ավինյանի խոսքով, առաջիկայում ուղեցույց կհրապարակվի նաև թանգարանների, գրադարանների, համերգների և թատրոնների վերաբացման վերաբերյալ։

«Ներկայումս վերջնականացվում են բացման համար նախապայման հանդիսացող կանոններն ու հստակեցնող ժամկետները։ Նշված ոլորտների սահմանափակումների մեղմումը ոչ միայն պայմանավորված է կորոնավիրուսի հետ ապրելու տրամաբանությամբ, այլ այն համոզմամբ, որ մշակույթն ու արվեստը կօգնեն մեզ մի փոքր ավելի հեշտ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-հոգեբանական կուտակված լարվածությունը», – ընդգծեց պարետը։

Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ:–0–