Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայան, քննարկվում է տրանսպորտում ստեղծված իրավիճակը

22.05.2024, 22:35
Հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ են կազմակերպել
Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայան, քննարկվում է տրանսպորտում ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայան, քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում հասարակական տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում և գործադուլ են կազմակերպել։ Նրանք պնդում են, որ նոր տնօրենն անհիմն կերպով աշխատանքից ազատում է աշխատակիցներին և նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում։

Երևանի քաղաքապետարանից արձագանքել են, որ վարորդների այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես սաբոտաժային քայլ։

«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը», – նշել են քաղաքապետարանից։