Արսեն Թորոսյանն անդրադարձել է հակածխախոտային օրինագծի դեմ քվեարկած պատգամավորներին

10.12.2019, 20:59
Առողջապահության նախարարն անդրադարձել է հակածխախոտային օրինագծի դեմ քվեարկած պատգամավորներին
Արսեն Թորոսյանն անդրադարձել է հակածխախոտային օրինագծի դեմ քվեարկած պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, այսօր ԱԺ-ում հակածխախոտային օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, իր Facebook-յան էջում անդրադարձել է դեմ քվեարկած պատգամավորներին: 

«Հակածխախոտային օրինագիծը, որի կիրառման արդյունքում ապագայում հազարավոր կյանքեր են փրկվելու, Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցումով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կողմ քվեարկած յուրաքանչյուր պատգամավորի։ Չեմ կարող չանդրադառնալ դեմ քվեարկած պատգամավորներին»,- գրել է նա: 

Նախարարին հետաքրքրվում է, թե նրանք ինչպես կնայեն հազարավոր այն քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են թոքերի, կոկորդի կամ լեզվի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից կամ գլխուղեղի ինսուլտից։ 

«Թե՞ ավելի հեշտ է այդ թվերով մանիպուլացնելը, քան կոնկրետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելը», – հարցադրում է արել նախարարը։    

«Մեր քաղաքացիների, այդ թվում մեր երեխաների և հղի կանանց առողջությանը միտված նման օրինագծին դեմ քվեարկելու գործընթացը պատկերացնելիս աչքիս առաջ է հայտնվում ամերիկյան ռանչոների հայտնի ձիավորը իր հանրահայտ գլխարկով, որը տարիներ ի վեր հաջողություն էր խոստանում երիտասարդներին, սակայն հիասթափեցնելով նրանց՝ միայն մահ էր բերում»,- եզրափակել է Արսեն Թորոսյանը: -0-