Արցախում զոհված զինծառայողների ծնողները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը ԲԴԽ–ի մոտ. նրանց ներս թողեցին

26.05.2022, 12:58
Այսօր ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին հանդիպել ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ
Արցախում զոհված զինծառայողների ծնողները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը ԲԴԽ–ի մոտ. նրանց ներս թողեցին
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երկար սպասելուց և բանակցություններից հետո փորձեցին ճեղքել Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ շարված ոստիկանական պատնեշը։ Հետո նրանց թույլ տվեցին մտնել` ամեն ընտանիքից մեկ ներկայացուցիչ։

Այսօր ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին հանդիպել ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Ինչպես նշեց հասարակական գործիչ, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը, ծնողները պահանջում են, որպեսզի իրենց թույլ տան մասնակցել դատական նիստին։ Նրա խոսքով, նիստերը դարձան դռնփակ ծնողների և դատական իշխանության ներկայացուցիչների միջև ծագած վեճից հետո։

Տոնոյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցում է 30 մարդուց բաղկացած պատվիրակություն։ Լրագրողներին դեռ ներս չեն թողնում, բայց հարցը կքննարկվի բանակցությունների ժամանակ։

Զոհված զինծառայողների ծնողների բողոքը

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այս տարվա ապրիլին մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում Գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և ձերբակալել նրան։ Նրանք գերատեսչությանն էին փոխանցել Փաշինյանի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդագրություն և այդ հարցի շուրջ հավաքված նյութերը։

Փաստաթղթում ծնողները նշում են, որ «Արցախում 2020թ.–ին ծավալված պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է»։ Ծնողները վկայակոչում են ԱԺ ամբիոնից վարչապետի արած արտահայտությունն այն մասին, որ պատերազմից կարելի էր խուսափել, բայց այսօր իրավիճակը նույնն էր լինելու՝ առանց զոհերի։

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնաբանեց իրավիճակը` հայտարարելով, որ վարչապետի համապատասխան հայտարարությունները կդառնան քրեական գործի առարկա։

Մայիսին ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու պահանջով գործի նյութերը վերջերս ընդունվել են վարույթ։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը զոհված զինծառայողների ծնողներին հայտնեց, որ Փաշինյանը կհարցաքննվի։–0–