Առաջին ընտրողներն արդեն իսկ կատարել են իրենց քվեարկությունը.ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընթացիկ իրավիճակը

20.06.2021, 10:22
Առաջին ընտրողներն արդեն իսկ կատարել են իրենց քվեարկությունը.ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընթացիկ իրավիճակը
Առաջին ընտրողներն արդեն իսկ կատարել են իրենց քվեարկությունը.ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընթացիկ իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ընթացիկ իրավիճակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության մեկնարկի կապակցությամբ։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը կաշխատի շուրջօրյա գրաֆիկով, կազմակերպվելու են բազմաթիվ հանդիպումներ։ Երեք ժամը մեկ պարբերականությամբ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը», – ասաց Մուկուչյանը։

Նրա խոսքով, նշված տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կհրապարակվեն նաև ըստ տեղամասերի։ Ըստ ընտրական տեղամասերի տեղեկությունները հասանելի կլինեն յուրաքանչյուր ուղիղ եթերից անմիջապես հետո կամ զուգահեռաբար։

«2021թ.–ի հունիսի 20–ի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2մլն 593 հազար 572 մարդ։ Թվով 500 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով վեարկության միջոցով հունիսի 11–ից մինչև հունիսի 13–ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը», – նշեց ԿԸՀ նախագահը։

Նա նաև տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք, նրանց ընտրական ցուցակներում միասին ընդգրկված է 2510 թեկնածու։

«Հայաստանի Հանրապետությունում քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։ Նշված տեղամասերից 12–ը կազմավորվել են քրեակատարողական հիմնարկներում և համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների կբացվեն ավելի ուշ։ Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր` ընդհանուր թվով 1996 տեղամասային կենտրոնները, և ընտրական տեղամասեր այցելած առաջին ընտրողներն արդեն իսկ կատարել են իրենց քվեարկությունը», – նշեց Մուկուչյանը։

Նա նաև նշեց, որ տեղամասային կենտրոններում ընտրողների գրանցման գործընթացն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ։

«Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ընդհանուր թվով 483 միջազգային դիտորդներ և 8749 տեղական դիտորդներ, որոնք ներկայացնում են ընդհանուր թվով 19 հասարակական կազմակերպություններ։ Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 61 օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 68 զանգվածային լրատվության միջոցների թվով 749 ներկայացուցիչներ և 49 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների մոտ 135 ներկայացուցիչներ», – նշեց ԿԸՀ նախագահը։

Նա ավելացրեց, որ ընդհանուր թվով 1900 տեղամասային կենտրոններից իրականացվում է քվեարկության ընթացքի, ինչպես նաև հետագայում նաև քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակում։–0–