ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ջնջել է իր հրապարակումը Facebook–յան էջում, որտեղ նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։
Սիմոնյանը նախօրեին հրապարակման մեջ գրել էր. «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ։ Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»։
Նույն օրը «Նովոստի–Արմենիա» գործակակության հարցմանն ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ ոստիկանություն նման հաղորդում չի ստացվել։
Իսկ այսօր Աշոտ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը հարձակման է ենթարկվել։
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին», – նշվում է Աշոտ Փաշինյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող armtimes հրատարակության կայքում։
Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում կտրականապես հրաժարվել է մեկնաբանել Աշոտ Փաշինյանի հայտարարությունը։–0–
