Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ.ՄԻՊ

28.07.2021, 10:27
Արման Թաթոյանը հայտնում է, որ Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ.ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին։ 

1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: 

2. Ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: 

3. ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը: 

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։ Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։–0–