Ադրբեջանից վերադարձած գրեթե բոլոր հայ գերիները հայտնել են խոշտանգումների մասին. ՄԻՊ

07.10.2022, 13:34
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ Ադրբեջանից վերադարձած գրեթե բոլոր հայ գերիները հայտնել են խոշտանգումների մասին
Ադրբեջանից վերադարձած գրեթե բոլոր հայ գերիները հայտնել են խոշտանգումների մասին. ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ,7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանից վերադարձած գրեթե բոլոր հայ գերիները հայտնել են խոշտանգումների մասին։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի հետ, որից հետո կներկայացնեն առանձին զեկույց, որտեղ կարձանագրվեն բոլոր այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով, հայ զինծառայողներն անգամ բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել։

«Մեկ տղա կա, որն այս պահին հոսպիտալում է գտնվում, նրա հետ այսօր առանձնազրույց կունենանք։ Մենք առանձին զեկույց կունենանք, որի միջոցով կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենք վեր ենք հանել փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ», – ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած գերիների հետ նույնպես առանձնազրույց էին ունեցել և առանձին զեկույց են հրապարակել։

Գրիգորյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմի ձեռագիրը չի փոխվել։

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ զեկույցը կներկայացնեն միջազգային կառույցներին։

Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը ԱՄՆ–ի միջնորդությամբ Հայաստանին է փոխանցել 17 հայ գերիների։

 Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-