Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մի մասը վերադարձել է ելման դիրքեր. ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

17.05.2021, 22:33

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

«Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարն այսօր քննարկումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրենի հետ, պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները։

Պաշտպանության նախարարությունը վերստին հայտարարում է, որ բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն, և անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի։–0–