Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)

18.09.2021, 01:17
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են արցախցի երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս, որը երթևեկում էր Որոտանի ճանապարհով:

Թաթոյանը նաև տեսանյութ է հրապարակել։ 

«Արցախի իմ գործընկերոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ Արցախի ֆուտբոլ խաղացող երեխաներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը», - նշել է Թաթոյանը Facebook-յան իր էջում։

Թաթոյանը խոսքով, ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը:

«Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված: Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ: Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք», - նշել է Թաթոյանը։ 

Նա ընդգծել է, որ մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: 

«Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով», - նշել է Թաթոյանը:-0-